Եթե ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն ես կատարել՝ ուսման վարձի 30 տոկոս զեղչ կստանաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլյան իրադարձությունների ժամանակ մարտական հերթապահություն կատարած ուսանողները ուսման վարձի 30 տոկոս զեղչ կստանան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ հանձնաժողովներում 2017 թվական պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախարարին հարց է ուղղել՝ արդյոք տվյալներ ունի՞, թե ապրիլյան իրադարձություններին մասնակցած բուհերի քանի ուսանող ուսման վարձի զեղչ ունի:
Պատգամավորի հարցին պատասխանելիս նախարարը նշել է. «Մենք թվեր ունենք, բայց ես չեմ կարող շատ թվեր հիշել: Խնդիրը հետեւյալն է՝ ի՞նչ փաստաթղթով է հնարավոր գրանցել, որ տվյալ ուսանողը մասնակցել է չորսօրյա պատերազմին»:
Նախարարի խոսքով՝ սահմանին ամեն օր այս կամ այն աստիճանի «ապրիլյան պատերազմ» է ընթանում: «Մենք մեկ ընդհանուր սկզբունք ունենք՝ մարտական հերթապահություն կատարած ուսանողները ուսման վարձի 30 տոկոս զեղչ կստանան»,- հավելել է Լեւոն Մկրտչյանը:



