Հայաստանի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունու, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Տիգրանաշենի, Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս, Վարդենիս - Սոթք ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի որոշ ավտոճանապարհների ծածկը տեղ - տեղ ձյունապատ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



