Դիարբեքիրում նոր հոգաբարձու-քաղաքապետ է նշանակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում հոգաբարձու-քաղաքապետ է նշանակվել Ջումալի Աթիլան:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Ջումալի Աթիլան մինչեւ այս նշանակումը եղել է Անկարայի Էթիմեսգութ շրջանի կառավարիչը:
Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն ձերբակալվել են հոկտեմբերի 25-ին:
Քաղաքապետ Քըշանաքի դեմ մեղադրական է պատրաստվել «ահաբեկչական խմբավորման օգտին» քարոզչություն անելու հիմնավորմամբ` մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթի ժամանակ: Դիարբեքիրի հանրապետական դատախազության պատրաստած նյութերում նշվում է, թե նա PKK-ի «Ժողովրդավարական ազատ կանանց շարժում» կազմակերպության ակտիվ դերակատարներից է: Քըշանաքի դեմ գործի շրջանակում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով նրա նկատմամբ 5-10 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել:
Դիարբեքիրի քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն, ով մասնակցել է PKK զինյալի հուղարկավորության արարողությանը, մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:



