Հիլարի Քլինթոնը ՀԴԲ-ի տնօրենին կոչ է արել ամեն ինչ պատմել իր գործի քննության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ խորապես մտահոգված է անձնական փոստը գաղտնի տեղեկություններ ուղարկելու համար օգտագործելու վերաբերյալ իր դեմ գործի քննությունը վերսկսելու ՀԴԲ որոշմամբ:
«Այդպիսի հայտարարությունները բավական տարօրինակ են, ըստ որում՝ այդքան քիչ բան բացահայտելով, այն էլ՝ ընտրություններից անմիջապես առաջ: Սա ոչ միայն տարօրինակ է, սա աննախադեպ է եւ խորը մտահոգություն է հարուցում, քանի որ ընտրողներին բոլոր փաստերը պետք է հասանելի լինեն»,- ասել է նախագահի թեկնածուն՝ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին կոչ անելով «ամեն ինչ պատմել»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորներն արդեն ՀԴԲ-ին եւ Արդարադատության նախարարությանն են փոխանցել գրավոր ուղերձ՝ պահանջելով Քլինթոնի դեմ հետաքննությունը վերսկսելու մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ ներկայացնել:
ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին ավելի վաղ հայտնել է, որ գերատեսչությունը վերսկսել է գործի քննությունը, որը կապված է պետքարտուղար աշխատելու տարիներին Քլինթոնի կողմից փոստային անձնական սերվերը աշխատանքային նամակագրության համար օգտագործելու հետ: Նրա խոսքով՝ դա պայմանավորված է էլեկտրոնային նոր նամակների հայտնաբերմամբ:



