Անգլիայի ամենահին հյուրանոցը հրդեհից այրվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիայի ամենահին հյուրանոցը՝ Royal Clarence-ը, այրվել է արդեն մի ամբողջ օր մոլեգնող հրդեհից:
Էքսեթեր քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում հրդեհը բռնկվել էր առավոտյան ժամը 5-ին՝ Castle Fine Art պատկերասրահի վերեւում տեղակայված տարածքների վերանորոգման աշխատանքների ժամանակ: Պատկերասրահից կրակը անցել էր հարեւան շինություն՝ 18-րդ դարի նախկին պանդոկ Well House Tavern, որտեղից էլ տանիքի վրայով հասել հյուրանոցին:
Այս պահին ամբողջական է մնացել հյուրանոցի ճակատամասը միայն: Ինժեներները BBC-ի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ ամեն դեպքում կփլուզվի նաեւ ճակատամասը, քանի որ շենքն ընդհանուր առմամբ արդեն վնասվել է:
Թաղամասում հրդեհը շարունակվում է, բայց այն կմարվի, քանի որ կրակը տեղայնացվել է:
Royal Clarence-ը կառուցվել է 1769-ին եւ Անգլիայում առաջին հաստատությունն էր, որը պաշտոնապես ստացել էր հյուրանոցի կարգավիճակ: 1827-ին այն վերանորոգվել էր եւ ստացել իր ժամանակակից տեսքը:



