Տեխնիկական բնույթի հարցերը կառավարությունը կընդունի առանց զեկուցման
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին: «Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշ հարցեր կարող են նշված լինել որպես առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցե ր, եթե դրանցով առաջարկվող կարգավորումները կրում են տեխնիկական բնույթ: Այդ հարցերը հրապարակվում են նիստը վարողի կողմից: Եթե կառավարության նիստի օրակարգում առանց զեկուցման քվեարկության ենթակա հարցը հայտարարվելուց հետո նշված հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն և/կամ առաջարկություն կամ այն սահմանված կարգով չի շրջանառվել, բացակայում են շահագրգիռ մարմինների կարծիքները, ապա այդ հարցը ենթակա է զեկուցման և ընդունման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց կառավարության աշխատակազմի ղեավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Կառավարության նախորդ նիստերից մեկի օրակարգում էր ընդգրկվել Արտաքին գործերի նախարարության համար մեկ բջջային հեռախոս գնելու մասին հարցը: Վարչապետը հանձնարարել էր փոփոխություն կատարել գործող կարգում, որպեսզի տեխնիկական բնույթի նման հարցերը չներկայացվեն կառավարության օրակարգում և դրանք ընդունվեն նախարարությունների կողմից կամ առանց քննարկման:



